Շիրվանզադե Ալեքսանդր՝ Արսեն Դիմաքյան | |
Երեսուն ու մեկ տարեկան է, դարձյալ մի տասը տարի, և ահա ոտք կդնի ծերության առաջին շրջանը: Այնուհետև արագ-արագ կսպառվեն նրա ուժերը, կսառչեն նրա զգացումները, և հետո, մի օր, մի սարսափելի օր, նա այլևս չկա: Իսկ ինչ է արել նա մինչև այժմ, և մի թե նա պետք է չքանա, առանց մի խոշոր հետք թողնելու յուր հետևից...
Կեսօր էր: Նա արմունկը հենած կանաչ գետնին, գլուխը ձեռի ափի մեջ պահած, դիտում էր թփերի մեջ թռչկոտող ինչ-որ խայտաբղետ թռչնիկների խաղը: Հանկարծ նրա առջև նկարվեց մի մարդկային մարմնի շվաք:
Նա հետ նայեց: Մսերյանը կանգնած էր նրա գլխի մոտ գունաթափ դեմքով, վհատված աչքերով, տրտում և միանգամայն անճանաչելի:
— Անպատճառ մի դժբախտություն է պատահել, — գոչեց Դիմաքսյանը, գլուխը բարձրացնելով:
Մսերյանը ձեռքով մի հուսահատ շարժում գործեց և, ուժասպառ ընկղմվելով կանաչ խոտի մեջ, թույլ և ընկճված ձայնով պատասխանեց.
— Երկու ժամ է քեզ փնտրում եմ:
— Նստիր և հանգստացիր, երեսիդ գույն չկա, դողում ես:
— Դողո՞ւմ եմ, լավ, դողում եմ, ի՞նչ ես ուզում ինձանից, — գոչեց Մսերյանը բարկանալով, — տեսնում ես, որ չորացած, կուչ եկած տերևի եմ նմանվում: Բայց ե՞րբ եմ ասել, թե ուզում եմ մրցել ուրիշների հետ, այն էլ իմ սիրած ընկերոջ հետ: Ախ, Արսեն, եթե իմանայիր որքան ինքս իմ դեմ վրդովված եմ, որքան ինքս իմ աչքում խղճալի: Այո, այո , խղճալի եմ, և ի նչ կսազեր ինձ այս հասակումս խելքից զրկվե:
Արդեն Դիմաքսյանը մասամբ գուշակում էր, թե ինչ է՝ պատահել: Անցան մի քանի րոպեներ, Մսերյանը փոքր-ինչ հանդարտվեց և սկսեց եղելությունը պատմել:
Միթե Դիմաքսյանը չգիտե՞ նրա ամառանոց գնալու շարժառիթը:
— Ուրեմն մի ստիպիլ ինձ կարմրել, մանրամասնությունները պատմելով: Ես կասեմ այն, ինչ որ միայն այսօր անցավ իմ գլխով:
Բժիշկ Սալամբեկյանի երևալը զարթեցրեց նրա մեջ մի անտանելի նախանձ: Նա այլևս չկարողացավ դիմանալ սրտի բուռն զգացմանը: Նա գուշակում էր, որ մի բան կա օրիորդ Կարինյանի և բժշկի միջև և, եթե լիներ գրական մարդ, կարող էր հետ կանգնել յուր սնոտի հույսերից: Բայց մի անհաղթելի ուժ մղեց նրան դեպի առաջ և բաց արեց նրա ոտների տակ մի վիհ: Երանի գոնե մի օր նա լիներ Վեքիլյան կամ ունենար նրա քարոզած զգուշությունը և խոհեմությունը: Այն ժամանակ նա այսօրվա «հիմարությունը» չէր անի: Կտանջվեր, բայց առանց ամոթի, առանց խղճի խայթոցի:
— Եվ գիտե՞ս ինչն է ինձ տանջողը: Կարծում ես նրա մերժե՞լը: Ո՛չ, այդ բանին ես արդեն մի քիչ նախապատրաստված էի, երբ սկսեցի բացարձակ խոսել: Ինձ վշտացնում է այն, որ նա խելոք վարվեց, իսկ ես հիմար: Եթե տեսնեիր, ինլպես նա աշխատում էր ինձ չվշտացնել: Ես պարզում էի նրան իմ սիրտը, նա լսում էր հրեշտակի համբերությունով: Բայց խոսքս լվերջացրած, նրա աչքերի մեջ կարդացի իմ պատասխանը: Նա մերժեց, բայց ինչպես, կարծես, նա մեղավոր էր իմ առջև և ուզում էր արդարանալ: Էհ, ինչ երկարացնեմ: Նա բժշկին սկսել է համակրել դեռ ինձ հետ ծանոթանալուց առաջ: Նրանք նամակագրություն են ունեցել միմյանց հետ, երբ օրիորդը արտասահմանումն էր: Նա ոտքի կանգնեց: Այդ րոպեին նա այնքան ճնշված, այնքան վշտալի էր, որ Դիմաքսյանը պատրաստ էր ամեն բան անել, միայն թե այդպես չտեսներ նրան: Նա մոռացել էր սեփական վիշտը և մտքում որոնում էր խոսքեր, որոնցով հնար լիներ մխիթարել ընկերոջը: Բայց այդ դյուրին չէր: Ի՞նչ խոսքեր կարող էին սփոփել մի սիրտ, որ երեսունութ տարի կույս էր մնացել, առաջին անգամ համակվել էր սիրո զգացումով, և այդպես անհաջող:
Մի ժամանակ նույն հուսահատությամբ Դիմաքսյանը պարզում էր յուր սիրտը Մսերյանի մոտ, և սա կարողանում էր նրան մխիթարել: Իսկ այժմ իդեալիստի ալքերի մեջ երևացող թացությունն անգամ լթելադրեց նրան մի մխիթարական դարձված, մի խոսք: ճիշտ որ այդ չափահաս մարդը, որի աչքերը գուցե կյանքի ամենադժվար րոպեներում արցունք չէին տեսել, այժմ, կարծես, ուզում էր արտասվեր Բայց ոչ, նա երեսը հետ դարձրեց, զսպեց իրան և երբ կրկին նայեց ընկերոջը, արդեն բավական հանգիստ էր նրա դեմքը:
— Սմբատ, — խոսեց, վերջապես, Դիմաքսյանը — մի՞թե դու ինձանից թույլ ես, որ այդպես հուսահատվում ես:
ճշմարիտ է, քոնը ավելի ցավալի է, որովհետև դու բացարձակ հայտնեցիր քո սերը և բացարձակ էլ մերժում ստացար: Բայց մտածիր, որ Կարինյանը քո ընկերոջը, այն էլ լավ ընկերոջը, ընտրեց, իսկ Գայանեն իմ թշնամու, այն էլ վատ թշնամու կինը դարձավ: Գոնե այս բանը թող քեզ մխիթարի:
— Ընկե՞ր, — կրկնեց Մսերյանը հեգնորեն, — որն է զորեղ, ընկերական սերը, թե՞ սերը դեպի կինը: Համոզված ես արդյոք, որ քո և Բարաթյանի թշնամության գլխավոր հիմքը Գայանեն չէ...
Այս խոսքերի մեջ կար մի փոքր ճշմարտություն: Դիմաքսյանը զգաց, որ լոկ համոզմունքների տարբերությունը գուցե այնքան սուր կերպարանք չտար նրանց թշնամությանը, եթե մեջտեղ չլիներ Գայանեն:
— Ուրեմն, — շարունակեց Մսերյանը, — մի՛ զարմանալ, եթե ասեմ, ար ես այլևս այստեղ չեմ կարող մնալ և նրա երեսը տեսնել:
Եվ նա, անմիջասքես ձեռը թույլ կերպով մեկնելով Դիմաքսյանին, ավելացրեց.
— Երևի , դու դեռ կմնաս այստեղ:
— Իսկ դու:
— Գնում եմ:
— Ո՞ւր:
— Չգիտեմ, միայն այստեղից պետք է հեռանամ հենց այսօր, հենց այս ժամին:
Նա ձեռքով մի տխուր, հուսահատ շարժում գործեց և քայլերը արագացրեց: Երկու ժամ անցած նա ուղևորվեց ամառանոցից, չնայելով ընկերոջ թախանձանքին՝ գեթ մի քանի օր էլ սպասել:
Մնալով միայնակ, Դիմաքսյանը սկսեց ավելի տխրել: Նա ցավակցում էր Մսերյանին անչափ, բայց, միևնույն ժամանակ, ընկերոջ դժբախտության մեջ զգում էր մի տեսակ մխիթարություն: Այժմ նա տեսնում էր, որ միայն ինքը չէ անհաջող բախտի տեր, մերժված և մոռացված:
Նա շարունակում էր յուր մենակի զբոսանքները: Եվ միշտ նրա քայլերը ակամա դիմում էին այն կողմ, ուր սովորաբար լինում էր Գայանեն: Բայց երեխաները և դայակը միշտ միևնույն տեղն էին լինում սովորական ժամին, իսկ Գայանեն մի քանի օր էր չէր երևում: Նա սկսեց անհանգստանալ. չլինի՞ թե հիվանդ է տիկինը: Մի անգամ, չկարողանալով զսպել բուռն հետաքրքրությունը, զգուշաբար հարցրեց դայակին: Ռուս կինը աչքունքը թթվացնելով պատասխանեց, թե «տիրուհին» թեև պառկած չէ, բայց «տկար է»:
Դիմաքսյանը անտակտություն համարեց ավելի հարցնել: Նա համբուրեց երեխաներին, նայեց մեծ աղջկա աչքերին, որ մոր աչքներին էին նմանում, թեթև հառաչեց և հեռացավ, յուր սրտում տանելով մի ցավակցություն դեպի այդ անմեղ արարածները: Ցավակցություն, բայց խառն մի անբացատրելի ատելության հետ:
Նա անցնում էր մի նեղ ծառուղիով, ոչ հեռու գետակից, գլուխը կրծքին թեքած, անուշադիր դեպի յուր շուրջը: Հանկարծ մեկը արտասանեց նրա անունը հետևից: Նա հետ նայեց և տեսավ բժիշկ Սալամբեկյանին օրիորդ Կարինյանի հետ:
— Ես կամենում էի հարցնել, ե՞րբ եք մտադիր վերադառնալ քաղաք, — հարցրեց օրիորդը Դիմաքսյանին:
Նա ինքը չգիտեր, թե երբ կվերադառնա, գուցե վաղը, մյուս օրը, գուցե դեռ երկար ժամանակ կմնա:
— Ինչո՞ւ համար էիք հարցնում, — ասաց նա:
— Ոչի՛նչ, այնպես:
Օրիորդը խոսում էր տատանվելով և կմկմալով: Նրանք առաջ գնացին մի քանի րոպե լուռ: Բժիշկը մտախոհության մեջ էր, չէր խոսում: Օրիորդը նայեց նրա երեսին, մտածեց մի վայրկյան և ապա կրկին դարձավ Դիմաքսյանին.
— Արդյոք պարոն Մսերյանի մասին տեղեկություն ունե՞ք:
— Ոչ:
— Քանի՞ ժամանակ է անցել նրա գնալուց:
— Արդեն տասն օր է:
— Եվ դուք նամակ չունե՞ք:
— Դեռ ոչ. ի՞նչ կա...
Նա վախեցավ, կարծելով ընկերողը մի բան է պատահեի որ օրիորդը այնքան անհանգիստ կերպով հարցուփորձ է անում:
— Ոչինչ չի պատահել, ես միայն ուզում էի նրա մասին տեղեկություն ունենալ, ես նրան անչափ հարգում եմ...
Բժիշկը տակավին լուռ էր: Մոտենալով ճեմելիքի ծայրին, նա նստեց նստարանի վրա, ասելով, թե սաստիկ հոգնած է: Մի քանի րոպե անցած, օրիորդը հեռացավ, մտնելով դիմացի ամառանոցը, ուր նա բնակվում էր: Երկու ընկերները մնացին առանձին:
— Ես զգում եմ, որ նա քեզ բոլորը պատմել է, — խոսեց վերջապես բժիշկը, — ուրեմն հարկ չկա թաքցնելու: Բայց միթե ես մեղավո՞ր եմ, որ գործը այս ընթացքը ստացավ: Դու գիտես, թե ես որքան սիրում եմ և հարգում Մսերյանին...
— Մի՞ թե ես այդ մասին մի խոսք ասացի՞ քեզ, մեղադրեցի՞:
— Ոչ, բայց ինչ և լինի, այժմ դու ինձ վրա ուրիշ աչքով ես նայում...
— Ես քեզ վրա այժմ էլ այն աչքով եմ նայում, ինչվ աչքով նայում էի առաջ:
— Շնորհակալ եմ, — պատասխանվեց բժիշկը զվարթանալով, — ինձ համար այդ մեծ նշանակություն ունե:
— Ես միայն զարմանում եմ բնության խաղի վրա: Երբեք չէի կարող երևակայել, որ Մսերյանը մի օր կհափշտակվի այդպես: Իսկ դու, որ այնքան ծաղրաբար էիր վերաբերվում կյանքին, դու, որ դատարկ բան էիր համարում նրան, ինչպե՞ս եղավ, որ այսօր հանկարծ երկու ձեռքով ես գրկում այդ դատարկ բանը:
— Ես ինքս չգիտեմ, ինչպես բացատրել: Միայն այսքանը կասեմ, որ այն օրից, երբ ես մոտիկ ճանաչեցի այդ աղջկան, իմ մեջ սկսվեց մի հոռեկան հեղափոխություն: Թող հոգեբանը բացատրի այս, իսկ ես այժմ այնքան ուզում եմ ապրել, որքան երբեք, երբեք չեմ կամեցել...
Եվ բժիշկը սկսեց ոգևորված գովել օրիորդ Կարինյանին, հարկավ, ինչպես սիրահար, կրկնապատկելով նրա արժանավորությունները: Դիմաքսյանը զգում էր, որ յուր մեջ դարձյալ շարժվում է նախանձը: Նա մտքում պարսավեց ինքն իրան և, աշխատելով զսպել վատ զգացումը, անկեղծաբար արտահայտեց յուր բերկրությունը ընկերոջ երջանկության մասին:
Օրեցօր նրա անհանգստությունը սաստկանում էր: Տասնյակ միմյանցից վատ մտքեր նրան հալածում էին: Արդյոք Գայանեն նրանից է խույս տալիս, որ տնից չէ դուրս գալիս: Գուցե նա վախենում է յուր ամուսնուց կամ հասարակական բամբասանքից: Բամբասանք, բայց ինչո՞ւ համար, որ նա երբեմն դրսում պատահում է և խոսո՞ւմ մի օտար տղամարդի հետ:
Նա աշխատում էր մի անգամ, անպատճառ, ինչպես և է, տեսնել Գայանեին, ցույց տալ նրան յուր սառն հարգանքը, մի հարգանք, որ կարող է տիկնոջը համոզել, թե երբեք նրա վրա Դիմաքսյանը չի նայում սիրահարված մարդու աչքով:
«Այո , այսպես պետք է անեմ, ասում էր նա ինքն իրան, որ չկարծի, թե ես կամենում եմ ծաղրել նրա դժբախտությունը»:
XVII
Գայանեն գալիս էր մի հարևան ամառանոցից, ուր բնակվում էր նրա ազգական ընտանիքներից մեկը: Նա մենակ էր և ծանր հանդարտ քայլերով ընթանում էր առաջ, հայացքը ուղղած վեպի անորոշ տարածություն: Թվում էր, որ ամբողջ էությունով նա խորասուզված է յուր հոգու մեջ և արտաքին աշխարհը նրա համար գոյություն չունե:
Տեսնելով Դիմաքսյանին, նա չշփոթվեց: Միայն մի թեթև անցողիկ ժպիտ սահեց նրա դեմքի վրա, ինչպես անձայն հողմի մեղմիկ շունչը անդորր ծովի մակերևույթով:
Դիմաքսյանը մոտեցավ նրան գդակը ձեռին և ջերմ հարգանքով սեղմեց նրա աջը: Այլևս Գայանեն ճիգ չէր անում յուր տխրությունը թաքցնելու: Նրա խոհուն ճակատի վրա որոշ գծագրված էր այն տառապանքը, որ տիրել էր նրա հոգուն: Դիմաքսյանը շտապվեց հարցնել նրա առողջության մասին և իսկույն խոսքը դարձրեց այնպիսի նյութերի վրա, որոնց մասին առիթ էր որոնում խոսելու: Սա տեսավ, որ տիկինը խույս չէ տալիս խոսակցությունից, այլ ընդհակառակը, տրամադիր է երկար խոսելու:
— Ես ամեն օր պատահում եմ ձեր երեխաներին, ինչքան նման են նրանք ձեզ: Սովորած լինելով նրանց միշտ իրանց մոր հետ տեսնել, ցավում էի մենակ տեսնելով:
— Դուք առհասարակ երեխաներ սիրո՞ւմ եք, — հարցրեց տիկինը:
— Միթե կարելի՞ է չսիրել անմեղությունը:
Տիկինը անփույթ կերպով նստեց առաջին պատահած նստարանի վրա: Դիմաքսյանը կանգնեց նրա դեմ, շարունակելով.
— Մարդկային էակներն արժանի են սիրո, քանի որ փոքրիկ են:
— Քանի որ փոքրիկ են, իսկ հետո՞ :
— Հետո, պետք է խղճալ նրանց:
— Ինչո՞ւ:
— Որովհետև ապագայում կյանքը այնքան աղավաղում է նրանց, որ միայն խղճալու են արժանի:
Գայանեն, որ սովոր էր միշտ յուր ամուսնուց լսել կիսահեգնական և կատականման խոսակցություն նույնիսկ ամենալուրջ նյութերի մասին, մի տեսակ թարմություն զգաց, խոսակցելով մի մարդու հետ, որի ուղեղը ընդհակառակը միշտ լուրջ է տրամադրված:
— Միթե ձեր կարծիքով կյանքը ամենքին է աղավաղում, — հարցրեց նա:
— Անկասկած, քանի որ մարդը չի կարող միշտ երեխա մնալ: Այստեղ խնդիրը վերաբերվում է կրթությանը և կյանքի ազդեցությանը: Կրթության այն եղանակը, որ տիրում է մեր դպրոցներում, ավելի աղավաղում է, քան կրթում մարդկային բնավորությունը: Մնացյալը լրացնում են ընտանիքը և հասարակությունը: Անշուշտ, դուք պետք է համաձայն լինեք ինձ հետ, որ սուտը և կեղծությունը վնասակար են. նույնպես չպիտի հերքեք, որ մեր կյանքում այդ բացասական հատկությունները զորեղ դեր են կատարում:
— Դուք խոսում եք այնպես, ինչպես մի քանի տարի առաջ:
Անցյալի մտաբերելը Դիմաքսյանին շփոթեցրեց ախորժելի կերպով: Ներքին հաճույքից նրա աչքերը փայլեցին և շարժուն դեմքը արտահայտեց մի անզսպելի բերկրություն:
— Մի թե դուք կկամենայիք, որ այժմ ուրիշ կերպ խոսեի, — ասաց նա ոգևորվելով, — սուտը և կեղծությունը ես միշտ դատապարտել եմ և միշտ պիտի դատապարտեմ, առանց ուշադրություն դարձնելու նրանց արդարացնող պատճառների վրա...
Նա կանգ առավ: Նա վճռել քր միմիայն սառն բարեկամական հարգանք ցույց տալ տիկնոջը: Իսկ այժմ զգում էր, որ անկարող է յուր վճիռը հաստատապես կատարվել: Մի քանի վայրկյան լռելուց հետո, նա ավելացրեց,
— Բայց երբեմն ամենաառաքինի մարդիկ անգամ ենթարկվում են ստի և կեղծության ազդեցության, և ենթարկվում են ակամա, անգիտակցաբար: Եթե նրանք ունենային ավելի քաջություն դիմադրելու ավանդական նախապաշարմունքներին, այն ժամանակ կլինեին ավելի անկեղծ և միշտ ճշմարտախոս:
Գայանեն լուռ լսում էր նրան, աշխատելով ըմբռնել այդ անորոշ խոսքերի տակ թաքնված իմաստը:
— Ես կարծում եմ, — շարունակեց Դիմաքսյանը ավելի ոգևորվելով, — թե կգա ժամանակ, որ այդ մարդիկ իմ ասած քաջությունն էլ կունենան: Ուզում եմ ասել, թե կգա ժամանակ, երբ մեր խոսքի և մտքի, զգացումների և գործերի մեջ տիրող հակասությունը կպակասի: Տիկին, մենք այժմ հազիվ կիսով չափ պատկանում ենք մեզ, իսկ մեր Էության, մեր բարոյական և մտավոր կազմի մյուս կեսը հասարակական նախապաշարմունքների ստրուկն է: Գուցե հենց այդպես էլ հարկավոր է, գուցե անհրաժեշտ է, որ հասարակությունը մարդու գլխիս լինի մի դատավոր, մի վերահսկող, քանի որ անհատը դեռ չի կատարելագործվել: Բայց նա, որ զզտում է յուր մեջ սեփական ուժ, ինքնուրույնություն և մտքի աներկյուղ քաջություն, նա վրդովվում է այդ ինքնակոչ վերահսկողի դեմ, որ միշտ ձգտում է բռնակալի դեր կատարել: Ինչո՞ւ: Որովհետև նա տեսնում է, որ այդ վերահսկողը ինքը, իբրև անհատի կրթիչ, իբրև ուղեցույց, իբրև առաջնորդ, տհաս է, կարճատես է: Այդ տեսակ ինքնուրույն խելք և սկզբունքներ ունեցող մարդը մտածում է, «ի՞նչ անեմ, մի՞թե գնամ ընդհանուր հոսանքով»: «Ո՛չ, պատասխանում է նրան ներքին ձայնը, չպիտի գնաս, աշխատիր ինքդ առաջնորդել նրան, որ քեզ ուզում է առաջնորդել և, եթե ուժերդ քեզ չեն ղավաճանիլ, մեկ-մեկ խորտակիր նրա դեմ կանգնած խոչնդոտները»:
Վերջացնելով խոսքը, նա ձեռևերը հենեց ձեռնափայտին և հայացքը ձգեց հեռու ու հեռու: Կարծվես, այդ վայրկյանին նա մոռացել էր յուր խոսակցին, ինքն յուր մտքերի բուռն հոսանքով հափշտակված:
Գայանեն լուռ էր: Նա արդեն մասամբ գուշակում էր, թե Դիմաքսյանը ինչ բան է ակնարկում և առհասարակ ինչ տեսակ քաջության ու ինքնուրույնության մասին է խոսում: Այդ խոսքերը բաց էին անում նրա համար մի նոր, բոլորովին անծանոթ աշխարհ, ուր մինչև այդ ժամանակ չէր թափանցել նրա միտքը:
Ուշադրությամբ լսելով Դիմաքսյանին, նա թույլ էր տալիս իրան միանգամայն անձնատուր լինել նրա ասածների ազդեցությանը: Եվ զգում էր, որ մի ինչ-որ բուռն, անդիմադրելի, բայց վերին աստիճանի ախորժելի հոսանք հետզհետե գրավելով քաշում ու տանում է նրան հայտնի չէ ուր:
Մի վայրկյան նա նայեց ոգևորված երիտասարդի դեմքին և այդ վայրկյանին Դիմաքսյանը երևաց նրան միանգամայն կերպարանափոխված: Կարծես, դա այն մարդր չէր, որին հինգ-վեց տարի առաջ տեսավ Բարաթյանի հետ առաջին անգամ: Նրա դեմքի գծերը հարատև և լարված մտավոր գործունեությունից մեղմացել էին և նրբացել: Խոշոր, ազդու աչքերի մեջ հասուն խելքի հետ անդրադառնում էին հոգու ազնվությունը և կամքի անշեղությունը:
Այստեղ Գայանեի միտքը դարձյալ թռավ դեպի համեմատություն: Նրա առջև պատկերացավ մի ժամանակվա յուր գեղեցիկ ամուսնու այժմյան կուշտ, կարմիր դեմքը, ուռած այտերով և յուղալի աչքերով: Ի՞նչ տարբերություն, մեկի մտքի կորովությունը տեղի էր տվել մարմնի պարարտությանը, հոգին սրտի հետ պատել էր թանձր ճարպով: Մյուսի հոգեկան ուժը տաշել և հղկել էր նրա ոչ գեղեցիկ դեմքը և դարձրել միանգամայն անճանաչելի:
Յուր կողմից Դիմաքսյանը գաղտուկ դիտում էր տիկնոջը և գրեթե նույն փոփոխությունը տեսնում: Ճշմարիտ է, չկար նախկին թարմությունը և աշխույժը, կենսականության հուրը առաջվա զորությունով չէր փայլում նրա կապուտակ աչքերի մեջ: Բայց սրա փոխարեն նրա դեմքը այժմ այնքան մտախոհ, լուրջ և արտահայտիչ էր դարձել, որ Դիմաքսյանը այժմյան Գայանեին չէր կամենալ փոխել առաջվա արագաշարժ, զվարթ և վառվռուն օրիորդի հետ: Ընտանեկան անհաջող կյանքը, հոգու հարատև տառապանքը խլել էին նրա երիտասարդական կրակը և փոխարենը պարգևել մի մեղմ, մի հեզ, մի անուշ թովչություն: Օ՛օ որքան նա պաշտելի էր յուր դժբախտության մեջ և որքան անմատչելի յուր բարձրության վրա:
Նայելով նրան, Դիմաքսյանի մեջ զարթնում էին ամենաազնիվ և ամենաանարատ զգացումներ: Նա պատրաստ էր այդ անբախտ կնոջ համար հանդիսանալ մի անկեղծ, անձնվեր պաշտպան և յուր սրտի նվիրական հուրը զոհել նրա բախտին: Եվ նա փափագում էր, բայց չգիտեր ինչ խոսքերով արտահայտել այդ զգացումը: Միևնույն ժամանակ նա սաստիկ ցանկանում էր, որ Գայանեն պարզի յուր ցավերը նրա առջև անկեղծաբար, հավատալով նրա ազնվությանը: Նրան թվում էր, թե Գայանեն ինքը զգում է այդ տեսակ պահանջ, որ ապերջանիկ կնոջ դառնություններն այնքան ծանր և անտանելի են, որ պատրաստ է մի հավատարիմ մարդու մոտ պարզել յուր սիրտը: Սակայն նույն «կեղծությունը» կաշկանդում է նրա լեզուն:
— Պարզությունը իմ կարծիքով ամենագլխավոր առաքինտւթյունն է, — շարունակեց նա, այլևս չկարողանալով զսպել իրան: — Ով զուրկ է անկեղծությունից, նրա մյուս բոլոր արժանավորությունները նսեմանում են իմ աչքում: Շատ անգամ մտածում եմ և ինձ համար բնավ անհասկանալի է դառնում՝ ինչու մենք միշտ կեղծում ենք: Ինչո՞ւ հարուստը աղքատ է ձևանում, աղքատը — հարուստ, հիմարը — փիլիսոփա, խելոքը — ճգնավոր: Ինչո՞ւ նա , որին ճակատագիրը անբախտ է դարձրել — բախտավոր է ձևանում: Մինչդեռ նրա քայլվածքը, նրա ձայնը, վերջապես, նրա ամբողջ կերպարանքը մատնում են նրան, ցույց տալով նրա վախը նախապաշարմունքներից, նրա կեղծությունը...
Նրանց աչքերը կրկին հանդիպեցին միմյանց: Գայանեն գլուխը խոնարհեցրեց և սկսեց հովանիի ծայրով ցնցողաբար փորփորոտել խոնավ գետինը:
Ակնարկը բավական պարզ էր, բավական հասկանալի: Նա զգաց, որ Դիմաքսյանը սպասում էր նրանից անկեղծություն, որ նա արդեն թափանցվել է նրա հոգու խորքը և այնտեղ պարզ կարդում է բոլոր վշտերը: Բայց ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով: Ո՞վ է նա, որ այնպիսի հանդգնությամբ մոտենում է նրա ներքին աշխարհին և այնտեղ ամենայն խստությամբ շոշափում է նրա հոգու նվիրական գաղտնիքները: Ոչ, ոչ, դա աններելի է մարդու կողմից, որին նա ոչ մի իրավունք չէ տվել, ոչ մի ակնարկով չէ մոտեցրել իրան: Նա գլուխը բարձրացրեց այն ժամանակ, երբ Դիմաքսյանը նայում էր մի ուրիշ կողմ: Երիտասարդի գունատ և խելացի ճակատը, երեսի մեղմիկ ցնցվող մկանունքները պարզ արտահայտում էին, թե ինչ է կատարվում նրա հոգում: Մի վայրկյանում տիկնոջ հայացքը դարձյալ փոխվեց նրա մասին: Ինչ-որ մի ներքին ուժ, ցավակցության թե խղճահարության նման մի բան, հուզեց նրա սիրտը: Նա զղջաց, որ նույնիսկ մի վայրկյան թույլ էր տվել իրան կասկածել այդ մարդու հոգու մաքրության մասին:
— Դուք ամեն բանում պահանջում եք պարզություն, — արտասանեց նա երերվող ձայնով, — այդ անկարելի է:
— Գիտեմ անկարելի է, չէ՞ որ բռնակալ վերահսկողը թույլ չի տալիս, չէ՞ որ մենք սարսափում ենք նրա միակողմանի դատաստանից:
— Այդ չէ միայն, այդ չէ, — կրկնեց Գայանեն, հովանիի ծայրը մի քանի անգամ թեթևակի խփելով գետնին, — կան բաներ, որոնց մասին մարդ չի կարող անկեղծ լինել, եթե նա չի կամենում հիմարի անուն ստանալ:
— Այո, այն մարդկանցից, որոնք անկեղծությունը հիմարությունից ջոկել չգիտեն: Եթե ես համոզված եմ մեկի խելքին և ազնվությանը, եթե ես հավատացած եմ, որ այդ մարդը երբեք ի չարը չի գործ դնիլ իմ հավատարմությունը, միշտ կարող եմ նրա հետ պարզախոս լինել:
Նա կանգ առավ: Նա զգաց, որ շատ է հափշտակվում, շատ է հեռու գնում: Նա կարծեց, որ մինչև անգամ վիրավորեց տիկնոջը: Բայց նայեց նրա երեսին և այնտեղ նկատեց մի ներողամիտ և, միևնույն ժամանակ, մի քաջալերական հայացք: Այդ հայացքը, կարծես, ասում էր. «Ես հավատում եմ, որ դուք և խելոք եք, և ազնիվ, կարող եք և հավատարիմ լինել, բայց մի պահանջեք ինձանից անկարելի անկեղծություն: Մի պահանջեք, որովհետև ես կին եմ, դուք տղամարդ, որովհետև դուք օտար եք ինձ համար և որովհետև դուք իմ ամուսնու թշնամին եք»:
Նա արագությամբ ոտքի կանգնեց: Նա կորցրեց յուր բռնի սառնության վերջին կաթիլը: Դողդոջուն ձայնով և շնչասպառ արտասանեց.
— Թող որքան կամենում են թաքցնեն, բայց ես մարդկանց աչքերի մեջ կարդում եմ նրանց հոգին, նրանց սրտի վիճակը, նրանց դժբախտությունը...
Եվ մի վայրկյան շունչ առնելուց հետո, ավելի հափշտակված ավելացրեց.
— Իմ գաղափարները իմ սրբություններն են, երդվում եմ նրանցով, որ իմ սրտում կա միայն ցավակցություն, անկեղծ բարեկամական ցավակցություն: Տիկին, ես սուտ կասեի, բայց չգիտեմ սուտ ասել, ես կկեղծեի, բայց վարպետ չեմ կեղծելում. ահա ինչն է ստիպում ինձ ձեր երեսին ասել այն, ինչ որ ուրիշները կթաքցնեին...
Այս խոսքերը նա մի այնպիսի ներշնչված հոգով էր արտասանում, այնքան անկեղծություն և ազնվություն էր բուրում նրա դեմքից, ձայնից և ամբողջ էությունից, որ Գայանեն չկարողացավ ո՜չ վիրավորվել, ո՜չ հակաճառել: Նա տեսնում էր յուր առջև մի մարդ, որ ոչնչով չէր նմանվում այն բոլոր մարդկանց, որոնց մինչ այդ օրը նա հանդիպել էր: Մի մարդ, որ որքան համարձակ, աներկյուղ և մինչև անգամ հանդուգն լիներ, այնքան նրա հոգին բարձր էր, սիրտը անարատ և խելքը անշեղ, կտրուկ: Նա այդպես զգաց և հուզվեց: Նա այլևս չկարողացավ պաշտպանվել, կեղծվել, թաքցնել յուր դժբախտությունը: Եվ ինչ օգուտ, քանի որ պետք է նորից ստեր նրա առջև և նորից ցույց տար յուր հոգու տկարությունը:
Զգացված մինչև հոգու խորքը, նա գլուխը դարձյալ թեքեց կրծքին և կամացուկ արտասանեց.
— Ես հավատում եմ ձեր ազնվությանը...
Նույն վայրկյանին նա խոսքը ընդհատվեց և իսկույն ոտքի կանգնեց: Նա դողում էր, նա մի տարօրինակ երկյուղի մեջ էր: Կարծես, մի բան էր արել, որ չպիտի աներ, մի համարձակ, մի վերին աստիճանի պատասխանատու քայլ, որ, միևնույն ժամանակ, ցույց էր տալիս նրա հոգու ուժը և կամքի ինքնուրույձությունը: Նա նայեց գետնին, ապա գլուխը բարձրացրեց: Կարծես նա ուզում էր խոսքը կիսատ թողնել և հեռանալ, բայց տատանվում էր:
Այնինչ՝ Դիմաքսյանի սիրտը լցվել էր ասպետական հպարտ զգացումներով: Այն կինը, որին պաշտում էր, որի պատկերը մի քանի տարի շարունակ չէր հեռանում նրա մտքից և աչքերից, վերջապես, ասում է, թե հավատում է նրա ազնվությանը: Նա չի մերժում նրա բարեկամությունը, չի վիրավորվում նրա պարզախոսությունից: Ի՜նչ անսպասելի երջանկություն:
Տիկինը լուռ մեկնեց նրան յուր ձեռը: Նա պատրաստ էր խոնարհվել և համբուրել այդ ձեռը ինչպես մի սրբություն: Բայց այդ անկարելի էր, բնական ամոթխածությունը մի անգամ ևս կաշկանդեց նրան: Եվ նա, ջերմագին սեղմելով Գայանեի ձեռը, ասաց.
— Արդյոք ես ձեզ վիրավորեցի՞:
— Ոչ, ընդհակառակը, դուք ցույց եք տալիս ձեր բարեկամությունը: Շնորհակալ եմ, եթե երբեք չեք շեղվիլ բարեկամության շավղից և ավելի...
Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, մի ցնցողաբար շարժում գործելով և արտասանելով.
— Տալիս եմ ձեզ ազնիվ խոսք՝ երբեք չշեղվել...
Եվ մնալով միևնույն տեղում, աչքերով մինչև ամառանոցի դռները ուղեկցեց Գայանեին, որ հեռանում էր արագ քայլերով:
«Երբեք չշեղվել, կրկնեց նա մտքում, ոչ, չեմ շեղվիլ, պաշտելի էակ, որովհետև միայն քո բարեկամությունը կարող է ինձ երջանկացնել...»:
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
I
Պյոտր Սոլոմոնիչը յուր կնոջը տանջում էր անխնա, որպես միայն կարող էր տանջել մի պաղած, եսացած, բռնակալ ծերունի: Այլևս նրան մազու չափ չէին շարժում կամ մեղմացնում Աննայի սպառնալիքը, աղերսանքը և ոչ նույնիսկ արտասուքը: Այդ ամենը նրա համար իբր շինովի հնարներ էին, որոնցով կինը աշխատում էր «ծածկել յուր խայտառակությունը»: Նա խղճի խայթոց և մինչև անգամ մարդկային հասարակ ցավակցություն չէր զգում, տեսնելով, թե ինչպես օրեցօր ընկճվում, թառամում է այդ տակավին երիտասարդ կինը, որի սիրտը լիքն էր ապրելու անհուն սիրով:
Նա տանջում էր կնոջը, որովհետև ինքն էլ նրանից պակաս չէր տանջվում: Այժմ նա չէր կարողանում հանգիստ ճաշել և հանգիստ քնել: Մեծ մասամբ պառկում էր շորերով անկողնակալի վրա և ինքն յուր հետ խոսում, պես-պես շարժումներ անում: Եթե մեկը այդ միջոցներին նրան գաղտնի դիտեր, պետք է կարծեր, որ նա ցնորվել է: Երբեմն գիշերվա կեսին հանկարծ վեր էր կենում անկողնից և աչքերը տրորելով, նայում չորս կողմ: Հետո մոտենում էր կնոջ անկողնակալին, լսում էր նրա շնչառությունը, ականջ էր դնում դեպի դուրս և, երեսին խաչակնքելով, նորից պառկում էր: Այդ միջոցներին կինը զարթնում էր և երկյուղով դիտում նրան՝ շատ անգամ լուռ և երբեմն հարցնելով.
— Ինչո՞ւ զարթնեցիր:
— Վատ երազ տեսա:
Եվ իրավ ծերունին հալածվում էր չար երազներից: Աննան լսում էր նրա քնած ժամանակ արտասանած հատ-հատ անկապ բառերը, «աչքովս... ինքս... այստեղ...», «մարդասպաններ», «ծածկեցեք գերեզմանս», «տեսա ... տեսա...», «կխեղդեմ», «շանսատակ կանեմ» և այլն, և այլն:
Այս անորոշ բացականչությունները սարսափ էին ազդում Աննայի վրա, որովհետև հաճախ նա շատ որոշ լսում էր մի անուն, որ չարիք էր սպառնում նրան: Նա ամբողջ մարմնով դողում էր և մի անգամ զարթնելուց հետո այլևս չէր կարողանում քնել մինչև լույս: Նա փորձեց մի գիշեր անցկացնել ուրիշ սենյակում, հեռու մնալ ծերունու ահեղ շնչից, որ կարծես մեռելություն էր սփռում նրա ամուսնական առագաստի վրա: Բայց Պյոտր Սոլոմոնիչը մի այնպիսի ընդդիմություն ցույց տվեց, այնպես գոռաց, որ Աննան բարվոք համարեց լռել և մշտապես թողնել առանձնանալու միտքը:
Մի անգամ ծերունին հանկարծ բռնեց կնոջ ձեռքից, քաշեց սենյակի մի անկյունը և կատաղած աչքերով նայեց նրա երեսին: Աննան կարծեց, որ նա արդեն ցնդվել է: Նրան թվաց, թե ծերունին ուզում է ծեծել իրան, աղաղակելով փախավ յուր սենյակը և դռները փակեց: Պյոտր Սոլոմոնիչը վազեց նրա հետևից, ուզեց դռները կոտրել և ներս մտնել: Բայց ուշքի եկավ, ձեռը խփեց ճակատին և, աթոռի վրա ընկղմվելով, խուլ ձայնով արտասանեց.
«Անեծք չար սադայելին»...
Մարդ ու կնոջ այդ սարսափելի հարաբերությունը, հարկավ, աննկատելի չէր կարող մնալ ո չ նրանց զավակներից և ոչ մանավանդ Օվսաննայից:
Մանկահասակ Լիզոչկան և Էլեչկան ապշած նայում էին իրանց հոր աչքերին, երբ նա կատաղում էր, հետո հարցական հայացք էին ձգում իրանց մոր երեսին: Զգում էին նրանք, որ տանը մի վատ բան էր կատարվում, բայց թե ինչ — չգիտեին: Եվ այդ վատ բանը ոչ թե միայն վշտացնում էր իրանց մատաղ զգայուն սրտերը, այլև ազդում էր փափուկ բնավորության վրա:
Իրանց կասկածները և երկյուղը նրանք չէին հայտնում ոչ ոքի, ոչ նույնիսկ Օվսաննային, որին, բնազդումով թե գիտակցաբար, օտար էին համարում: Բայց հաճախ երկու քույրերը միմյանց հաղորդում էին իրանց տպավորությունները: Երկուսն էլ խղճում էին իրանց մորը, զգալով, որ տանջվում է: Բայց չէին ատում և իրանց հորը, քանի որ չգիտեին ո՞րն է արդարը և որը մեղավորը, որին պետք է պաշտպանել և որին ատել:
Այնինչ՝ Օվսաննան մասամբ գուշակում էր ընտանեկան խռովության բուն պատճառը: Նա հասկանում էր, որ յուր բարեսիրտ քեռիին այդ աստիճան գազանացնողը խանդն է: Բայց թե ո՞վ է այդ խանդի առիթը, ում վրա է ծերունու կասկածը, այդ չգիտեր և, հարկավ, չէր էլ կարող իմանալ: Ահա ինչու նա բոլոր տեսած ու լսածները միամտաբար պատմում էր Գայանեին:
Մի օր գունատված եկավ քրոջ մոտ և ներս մտավ թե չէ, շնչասպառ հայտնեց, թե Պյոտր Սոլոմոնիչը ծեծել է Աննային: Գայանեն հարցրեց մանրամասն, և օրիորդը միայն այնքանը կարողացավ պատմել, որ ինքը մյուս սենյակից դռների հետևից տեսավ, թե ինչպես մարդ ու կին կռվում էին ննջարանում: Աննան հայտնի չէր ինչ ասաց, Պյոտր Սոլոմոնիչը բռունցքով խփեց նրա կրծքին և գցեց անկողնակալի վրա:
— Ա՛խ, Գայանե, այնպես վախենում եմ, այնպես վախենում եմ, որ չգիտեմ ինչ անեմ, — ավելացրեց Օվսաննան հուզված: — Ես վաղուց կտեղափոխվեի քեզ մոտ, բայց չեմ ուզում նրանց առանձին թողնել, իսկ ամենից ավելի երեխաներին եմ խղճում:
Արդարև, բուռն նախանձի և կատաղության վայրկյանին ծերունին աոաջին անգամ ձեռք բարձրացրեց կնոջ վրա: Այդ հարվածը կտրեց Աննայի վերջին հույսը, թե երբևէ Պյոտր Սոլոմոնիչը կխաղաղվի:
Նա ամեն ինչ ավարտված համարաց:
Ի՞նչ ելք գտներ վերջ տալու յուր անտանելի վիճակին: Բաժանվե՞լ: — Ո՞ւր գնալ: Այս միտքը շղթայում էր ապահով ապրուստի սովոր տիկնոջը: Ինքնասպանությո՞ւն գործել: — Նա այդքան քաջություն չունե: Մեռնել մի ծերունու պատճառո՞վ, և մեռնել այդ երիտասարդ հասակո՞ւմ —, երբ կնոջ համար մի նոր կյանք է սկսվում: Ո՜չ, ո՜չ, ո՜չ: Գանգատվե՜ր — Ո՞ւմ և ինչպե՞ս, նա Պյոտր Սոլոմոնիչի օրինավոր կինն է, եկեղեցական անխախտելի կապով շաղկապված այդ ատելի, զազրելի և այժմ սարսափելի ծերունու հետ: Եվ տիկինը, կծու վշտերից արբեցած, անիծում էր ամենքին և ամեն ինչ, և հասարակական կարծիք ու օրենքներ, և եկեղեցի ու կրոն, և յուր հոր գերեզմանը, և ամբողջ աշխարհը:
Следующая страница |